Չարենցավանի թիվ 3 դպրոցի վիճակը՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց։

Դպրոցում ավելի քան 10 օրից ավելի է՝ դասադուլ է, աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել. նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, նոր ընտրություններում այլ անձ է ընտրվել, սակայն դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:

Նիկոլ Փաշինյանը դեռևս քարոզարշավի օրերին էր խոստացել խնդիրը լուծել, և այդ նպատակով էր այցելել դպրոց։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծված վիճակի մասին գրառում է արել, որը ներկայացոնւմ ենք ստորև.

«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է:

Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։