Կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ․ ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։

Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։

Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան  կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--0--ԿԿ