Միացյալ Նահանգները պետք է դիրքորոշում ունենա թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ՀՀ

Որպես մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առաջամարտիկ՝ Միացյալ Նահանգները հարգանք է վայելում ամբողջ աշխարհում՝ գլոբալ խնդիրների լուծման և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորում գտնելու հարցում իր դիվանագիտական ու տնտեսական ազդեցության արդյունավետ կիրառման շնորհիվ: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ փոխանցում է News Week-ը:

Քանի որ Ջո Բայդենի վարչակազմը ժողովրդավարության պաշտպանություն և մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություն է խոստանում, հուսով ենք, որ ավելի շատ ուշադրության կարժանանա Արցախում ստեղծված շատ փխրուն իրավիճակը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է սեպտեմբերի վերջին Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, ու տասնյակ հազարավորները տեղահանվել են:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը վերջերս կոչ էր արել «բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում» Արցախի համար:

«Մենք ողջունում ենք այդ կոչը, սակայն, առանց ագրեսիայի դեմ հետևանքների, Թուրքիան ու Ադրբեջանը սխալ դաս կքաղեն այս հակամարտությունից»,- հայտարարել է Վարուժան Ներսեսյանը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն արհամարհել է ոչ միայն ԱՄՆ-ի դերակատարումը որպես խաղաղ բանակցող կողմ, այլև՝ միջազգային հիմնարար նորմերը:

Ներսեսյանն ընդգծել է, որ Թուրքիան այս պատերազմում  կիրառել է ՆԱՏՕ-ի ռազմական համակարգեր, ինչպես նաև ամերիկյան F-16 ռազմական օդանավեր: Դեսպանը հիշեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ծննդատան, շուկաների, եկեղեցիների հրթիռակոծման և միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի և ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին:

Էթնիկ զտման ֆոնին, գրավյալ տարածքներում համատարած ոչնչացվում են հայկական մշակութային և քրիստոնեական ժառանգության օբյեկտներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կարևորել է նաև ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելու և իսլամիստների ոճով գլխատման տեսագրությունների՝ սոցիալական հարթակներում տարածելու փաստը:

Վարուժան Ներսեսյանի հավաստմամբ՝ երկարատև խաղաղությունն անհնար կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան մնան անպատիժ, նրանք հայերի դեմ ագրեսիան կշարունակեն նաև հետագայում էլ:

ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի հայերը հուսով են, որ Միացյալ Նահանգները սկզբունքային կգտնվի՝ աջակցելով հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը: Այն չի կայանա քանի դեռ հակամարտության հիմնահարցը՝ կարգավորման խնդիրը, լուծված չէ:

  --00—ՄՀ