Ընտրացուցակներում 400 հազար մարդ ավելի է գրանցված․ ժողովրդագրագետ

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Ընտրացուցակները փաստացի  կազմվում են ըստ պետական ռեգիստրում գրանցված բնակչության թվաքանակի և ըստ պետռեգիստրի. մեր բնակչության թվաքանակը մոտ 3 միլիոն 340 հազար է, այսինքն՝ այստեղից հանվում է մինչև 18 տարեկան  քաղաքացիների թիվը և ստացվում է մոտ 2 միլիոն 570 հազար  ընտրող։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ նշելով, որ հակասություն է տեսնում այդ ամենում։

«Հակասությունն այստեղ կայանում է նրանում, որ  այս ցուցակների մեջ են նաև այն քաղաքացիները, որոնք փաստացի գրանցված են պետռեգիստրում, սակայն տարիներ  շարունակ Հայաստանում չեն բնակվում, բայց նաև գրանցումից դուրս չեն եկել, հետևաբար, եթե այդ քաղաքացիներին էլ հանենք, որոնց թիվը մոտ 400 հազար է, ապա իրականում ստացվում է, որ ընտրություններին  մասնակցել է մեր փաստացի բնակչության մաքուր 60 տոկոսը»,- պարզաբանեց  ժողովրդագրագետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,63 տոկոսը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ըստ էության, ընտրացուցակներն ուռճացված են, և դրանք պետք է մաքրել։

Ըստ Մարկոսյանի՝ այն քաղաքացիները, որոնք Հայաստանում չեն ապրում, բայց փաստացի գրանցված են այստեղ, պետք է զտվեն հիմնական ցուցակներից, և նրանց անունները պետք է գրանցվեն առանձին ցուցակում։  

«Այս խնդրի լուծման հիմնական բանաձևը  մարդահամարի անցկացումն է»,- ասաց ժողովրդագրագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։