ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Հայաստանում տիրող իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ԵԱՀԿ

 ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն կոչ է արել ոչ բռնի կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին նա գրել է Twitter-յան իր էջում։

«Ես մտահոգված եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Բոլոր կողմերին կոչ եմ անում հարգել ստանձնած պարտավորությունները ԵԱՀԿ շրջանակում և ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ: Իրավիճակը պետք է կարգավորվի առանց բռնության», - գրել է Լինդեն:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ ներկայիս իրավիճակի կապակցությամբ զինվորականները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս զերծ մնալ ուժի կիրառումից: Հայտարարությունը ստորագրել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, ստորաբաժանումների և կորպուսների ղեկավարները:

Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պահանջը որակել է ռազմական հեղաշրջման փորձ և հայտարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու որոշման մասին:

 --00—ՄՀ