Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք. երրորդը տրված չէ․ Վ․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Thumbnail

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն պատերազմի պայմաններում իր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ: Երրորդը տրված չէ: Հատկապես` ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում: 

Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և, հետևաբար` մատնել երկիրն անխուսափելի պարտութան: Ավելին, ես կդժվարանամ մտաբերել նման փորձ որևէ ժողովրդավարական երկրի պատմության մեջ:

Այս պահին արդեն ակտուալ չէ, թե ինչու ստացվեց այնպես, որ երկրի ողջ գեներալիտետը ստիպված եղավ հանրային հայտարարություններով խոսել դավաճանի հետ: Վստահ եմ, որ դրան նախորդել են հաղորդակցման անհամեմատ ավելի զուսպ ձևեր, որոնք նիկոլը կամ չի հասկացել, կամ, ավելի հավանական է, չհասկանալու է տվել: Ինչպես չհասկանալու էր փորձում տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, երկրի Նախագահի, քաղաքական բոլոր ուժերի բազմաթիվ հորդորներն ու ուղերձները:

Ի դեպ, ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ: Հեղաշրջում անողներն երկարաշունչ հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, ոչ թե առաջ: Տվյալ պարագայում կա անվստահության ու հարգանքի բացակայության հստակ շարադրանք, որն արդեն իսկ հանգեցրել է հրամանատրման շղթայի տրամաբանության խեղման, ինչը չի կարելի հանդուրժել և ոչ մի րոպե: Դրա վառ ապացույցն է բանակի սպայակազմին հրապարակից հրամաններ իջեցնելու խղճահարություն առաջացնող փորձերը:

--00--ԱՀ