Դեբեդավանի դպրոցի տնօրենի դեմ բողոքները չեն դադարում, խնդրին միջամտել է մարզպետը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հերթական անգամ կհանձնարարի ուսումնասիրել Դեբեդավան գյուղի դպրոցում տիրող վիճակը, որտեղ կրքերը չեն հանդարտվում՝ կապված տնօրենի դեմ բողոքների հետ։ Այդ մասին մարզպետը հայտնեց 24News-ի հետ զրույցում։ Դպրոցի աշխշատակազմը դեմ է տնօրենին, սակայն նա վերընտրվել է պաշտոնում, քանի որ մրցույթի ժամանակ ուրիշ թեկնածու չի եղել, և սկսել է հաշվեհարդար տեսնել իր դեմ բողոքող աշխատողների նկատմամբ։ Բացի այդ, նա կարողացել է հարթել նաև ապօրինություններ գործելու վերաբերյալ ոստիկանության՝ իր դեմ հարուցված գործերը։

«Երկար ժամանակ է՝ աշխատանք ենք տանում կողմերի հետ, փորձում ենք կարգավորել հարաբերությունները, սակայն շարունակ խնդիրներ են ծագում։ 6 անգամ չի կայացել տնօրենի մրցույթ, իսկ երբ այն, վերջապես, տեղի է ունեցել, բացի գործողից, այլ թեկնածու չի եղել։ Բողոքում են, որ տնօրենն իր բարեկամներին է գործի ընդունում։ Այդ հարցն էլ որոշակի կարգավորել ենք՝ նրա տղայից դասաժամներ վերցնելով և նոր մրցույթ հայտարարաելով»,- ասաց Ղալումյանը։

Նա նշեց, որ ինչպես ամենուր, իր ղեկավարած մարզում ևս առկա են դժգոհություններ թե՛դպրոցների տնօրեններից, թե՛ նրանից, որ տնօրեններն իրենց հարազատ-բարեկամ-ծանոթներով են լցնում կրթօջախները։

«Խնդիրն առկա է շատ բնակավայրերում։ Հասկանալով հանդերձ մարդկանց վրդովմունքը, չենք կարող օրենքից դուրս գործել։ Նոր համակարգ է պետք մշակել, որի ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց մարզպետը։

Դեբեդավանի դպրոցին դարձյալ անդրադառնալու տեղիք է տվել կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի՝ Վահե Ղալումյանին ուղղված ֆեյսբուքյան գրառումը, որում նշված է.

«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին այն մասին, թե ինչ հաշվեհարդար է տեսնում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի գործող տնօրենն այն մարդկանց հետ, ովքեր բացահայտել են նրա կեղծիքներն ու հակամանկավարժական գործունեությունը: Իհարկե, տեղյակ եք ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրությամբ պարզված օրինազանցությունների մասին ու, մասնավորապես, այն մասին, որ տնօրենն իր տղային ուսուցչի օգնական է ձևակերպել, հարսին՝ պահակ, բայց նրանք առանց աշխատելու աշխատավարձ են ստանում, իսկ դուք դեռևս ոչ մի քայլ չեք արել այդ տնօրենին սանձելու կամ նրան անվստահություն հայտնելու ուղղությամբ, դուք եք, չէ՞, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց: Շնորհակալություն համագործակցության համար»։

Ավելի վաղ մամուլը գրում էր, որ Դեբեդավանի տնօրեն Մարինե Հարությունյանը 27-հոգանոց դպրոցում 8 անձի իր բարեկամի է նշանակել գործի, նրա մեղքով դասասենյակները նորմալ չեն ջեռուցվել, «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվել է յուրացումներով, սնունդը միտումնավոր պատրաստվել է անորակ, ծնողական գումարից մաս չի հատկացվել սննդի աշխատակցին։ Նաև նշվում էր, որ  տնօրենն ռանձին-առանձին կոլեկտիվի անդամներին կանչում է, բողոքի հետքերով հետաքրքրվում, նախ՝ սպառնում, հետո փորձում կաշառել, որ ժամեր կտա, լավ կնայի, միայն թե չբողոքեն։