Ադրբեջանին կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News  

Ժոզեֆ Սիգելե

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է տարածել Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Այն ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:

Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ