Քաշաթաղի ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

ՀԷԿ

Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից  վերականգնված  հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն: Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև  Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալ Արմեն Թովմասյանը:

«Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր ցանցին, որից հետո հասնում՝ Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ: Ներկայումս՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող ՀԷԿ-երն ունեն ընդհանուր առմամբ մոտ 75 մեգավատ հզորություն: Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ից եկող էլեկտրաէներգիան գումարվելով դրան՝  ինքնաբավության մակարդակի բարձրացման խնդրին  որոշակի լուծում է տալիս: Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում՝կկարողանանք տեղում որոշ չափով ապահովել էլեկտրամատակարարումը»,-հայտնեց Թովմասյանը:

Անդրադառնալով Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման ներկա աշխատանքներին նախարարի տեղակալը տեղեկացրեց,որ մասնավորապես Մարտունու էլեկտրամատակարարման ապահովման նպատակով՝ Ստեփանակերտի ենթակայանից 10 կՎտ լարմամբ, օդային՝ 3 գիծ է անցկացվել:

«Այդուհանդերձ՝ Մարտունիում  անջատումներ դեռ լինում են, քանի որ,ընդհանուր՝ 1 մեգավատ հզորությունը դեռևս անբավարար է, իսկ դրանից առավել այդ գիծն ունակ չէ ապահովել: Ներկայում ծրագրային աշխատանքներ են տարվում Մարտունի գնացող նախկին օդային գիծը վերականգնելու ուղղությամբ: Մի փոքր ֆինանսական խնդիրներ կային,ինչ այժմ լուծման փուլում է»,-մանրամասնեց Թովմասյանը: Նրա խոսքով աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետն առայժմ հայտնի չէ,սակայն սկսելու դեպքում՝ ավարտին կհասցնեն 2-3 ամսում:

--00—ՄՀ