Ամենայն հավանականությամբ՝ սա նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարեւոր օրն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

Այս պահին ամենակարեւոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պատմական գործի՞չ,  թե՞ պատմական սխալ

Այս պահին ամենակարեւոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապես պահպանում է Սահմանադրությունը։  ԶՈւ գլխավոր Շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազորությունն է, եւ նաեւ պատասխանատվությունը երկրի եւ հանրության առջեւ։ Եվ նա պատմական առաքելություն ունի մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։

Սահմանադրությունը նրան լիազորում է պաշտոնանկ անելու ակտը եռօրյա ժամկետում առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին, այսինքն՝ այս դեպքում՝ ՀՀ վարչապետին:

Նախագահն ունի այդպիսի առարկությունների համար բավարար հիմքեր, քանի որ առկա ճգնաժամի պայմաններում ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարների, այդ թվում՝Գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալների, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաների, հինգ բանակային կորպուսների հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների հայտարարությունից հետո,ԳՇ պետին պաշտոնից ազատելը զուտ կադրային փոփոխություն չէ։ Այն կարող է ունենալ ծայրահեղ ծանր հետեւանքներ եւ,վստահաբար, Արմեն Սարգսյանը դա շատ լավ գիտակցում է։

Չի կարող իրավացիորեն հիմնավորված՝ վարչապետի եւ կառավարության հրաժարականը պահանջող նախագահը այսօր անվերապահորեն կատարել իրեն դեռեւս վարչապետ համարող անձի քաղաքական կամակորությունները։ Այդ դեպքում մի տեսակ անհասկանալի դիսոնանս կարող է առաջանալ Արմեն Սարգսյանի դիրքորոշման եւ որոշումների միջեւ։ Չի կարող երկրի նախագահը պասիվություն դրսեւորել  իրեն դեռեւս վարչապետ համարող անձի քաղաքական ավանտյուրայի պատճառով երկրի կայունությունն ու անվտանգությունը աղետի հասցնելու հետեւողական քայլերի պարագայում։

Պարոն Նախագահ, ես, որպես քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի հայտարարության մեջ թերեւս ամենակարեւոր տողը՝ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։

Նախագահն ունի երկու օր։ Նա ունի լիազորություն չստորագրելու եւ չպետք է ստորագրի պաշտոնանկության ակտը։ Վերջին օրերի նրա որոշումները, հանդիպումներն ու գործողություններն ամեն դեպքում թույլ են տալիս ենթադրել, որ նա այս հարցում կցուցաբերի սկզբունքայնություն։ Այսօր երկրի հանդեպ պատասխանատվության, երկրի շահը ամեն ինչից բարձր դասելու պահն է։ Ամեն մարդ իր կյանքում ունենում է ծայրահեղ կարեւոր օրեր։ Ամենայն հավանականությամբ՝ սա նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարեւոր օրն է։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձեւավորել կայունություն»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս