ՀՀ-ն պատրաստվում է լքել մոտ 200 հազար մարդ․ շուրջ 300 հազարը մտածում է այդ մասին․Վարդանյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետի Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ներկայիս քաղաքական ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:

 Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները պետք է ընտրեն քաղաքական գործիչների մեջ նրանց, ովքեր իրենց մոտ նվազագույն մերժում են առաջացնում:

« Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, քանի որ Հայաստանի ներքին գործն է՝ ընտրել իրեն առաջնորդ։ Բայց հարցն այն է, որ այլընտրանքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ զգան և տեսնեն, որ չկան միայն մեկը և մյուսները»,- ասել է նա։

Ըստ միլիարդատիրոջ՝ Հայաստանում մարդիկ անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան․

«Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ շատ ակտիվ տեղ, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից. - РБК): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ ավելի քիչ թվով մարդկանց բաժին կհասնի ավելի շատ փող, քանի որ ավելի շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, ես կասեի, Աբխազիային նման երկիր», - ենթադրել է Վարդանյանը:

Գործարարն այս սցենարը անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՄՀ