«Ժառանգություն»-ը համապետական ընտրություններն իրավական առումով անվիճարկելի է համարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է»: Նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցությունը՝ շնորհավորելով ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին։ Շնորհավորական ուղերձու ասվում է․

«Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, տեղ գտած ընտրախախտումները բացահայտելու և իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երևույթների կրկնությունը:

Քաղաքական տեսանկյունից ևս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ կառավարության առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝ մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռևս 2013 թ. ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին և բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության ուղերձում: