ԱԺ նախագահի պաշտոնին 5-ից ավելի թեկնածու է հավակնում․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Քննարկման առանցքում եղել է նոր Խորհրդարանի նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը։ Արդյո՞ք շատ են ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները․ այդ առնչությամբ 24News-ի հետ զրույցում ՔՊ վարչության անդամ, ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է․

 «Այս պահին հինգից ավելի թեկնածու կա՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար»։

Թե ովքե՞ր են այդ թեկնածուները, առայժմ չի բարձրաձայնվում։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի անունները։

Մյուս կողմից, լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահի ընտրությունը կանգ կառնի Արարատ Միրզոյանի վրա, իսկ փոխնախագահներ կդառնան Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ: «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70,44 տոկոս ձայն,  ԲՀԿ-ն՝ 8,27 տոկոս,  ԼՀԿ-ն՝ 6,37 տոկոս։