Գերիների վերադարձի ձգձգումը մարտահրավեր է ինչպես ՌԴ-ին, այնպես էլ միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

Արա Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանը «РИА Новости» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ կարգավիճակի որոշման, գերիների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքների թեմաներին:

Հարց. Ինչպե՞ս է Երևանը տեսնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը, բանակցային ի՞նչ ձևաչափի շրջանակներում այն պետք է որոշվի՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, թե՞, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Արդյո՞ք Երևանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի)՝ որպես անկախ պետության ճանաչումը նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված սահմաններում:           

Պատասխան. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Այս հայտարարությունն, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնումովոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։  Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի որոշումը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով:  Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից: Որևէ կարգավիճակով և որևէ պայմաններում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ՝ առանց հայերի։ Մենք բոլորս հիշում ենք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին կազմակերպված էթնիկ զտումները Ադրբեջանի խոշոր քաղաքներում, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ։ Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 33-րդ տարելիցը։ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները և դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի էին ունենում «փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսների ներքո, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք իրականացվել են 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում, ակնառու վկայությունն են այն իրողության, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունն իր իսկ պատմական հայրենիքում:

Կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծումը։ Այս առնչությամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է. խաղաղ կարգավորման առանցքային հարցերն այսօրվա դրությամբ լուծված չեն։  Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետի հետ, որը հստակ ամրագրված էր նաև 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ։ 

Արցախի դեմ ագրեսիան, որպես հակամարտության լուծման մեթոդ ուժի կիրառումը մարտահրավեր են ողջ միջազգային հանրությանը, որոնք նաև խաթարում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող համանախագահ երկրների միջնորդական ջանքերը ու հեղինակությունը: Մենք իրապես հույս ունենք, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կգլխավորեն խաղաղ գործընթացը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի՝ որպես  անկախ պետության ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։  Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և կայունություն։

Հարց. Հնարավո՞ր է արդյոք ձեր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ընթանու՞մ են արդյոք բանակցություններ երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

Պատասխան. Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Նախևառաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, հստակ օրակարգի ձևավորման մասին է, և, ինչը պակաս կարևոր չէ, այն պետք է ընթանա մյուս կողմի՝ պայմանավորվածությունները պահպանելու կարողության առկայության դեպքում:

Հարց. Ի՞նչ աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների հետ անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների փոխանցման ուղղությամբ: Ե՞րբ, ըստ Ձեր կանխատեսումների, կարող է ավարտվել ռազմագերիների փոխանակման գործընթացը, կա՞ն արդյոք երկու կողմից գերիների քանակի մասին ճշգրիտ տվյալներ:

Պատասխան. Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս ուղղությամբ ազգային մակարդակով համակարգված միջգերատեսչական աշխատանք է տարվում: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները։ Ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։ 

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով վերջինիս դրույթների իրականացումը։

Բոլոր ռազմագերիների շուտափույթ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։  Այս հարցում մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այս մարդասիրական հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև միևնույն ժամանակ ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը։

--00--ԱԹ