Սաշիկ Սարգսյանի որդու դատը կշարունակվի եկող տարի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 16-ին։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբրեի 12-ի երեկոյան, որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր որդու դատավարությունը։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: