Արա Զոհրաբյանը կոչով դիմել է դատավորներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել է  դատավորներին։

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող դրույթները:

«Սկսած 2017թ. հոկտեմբերի 31-ից, ՀՀ փաստաբանների պալատը տարբեր առիթներով այս նախագծերի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը բարձրաձայնել է:
2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների կողմից քննարկումների արդյունքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն էլ կազմակերպել է ակտիվ գործողություններ ընդդեմ նշված նախագծերի ընդունման:

Մոտ 1500 փաստաբան միացել է այդ նախագծերը դատապարտող հայտարարությանը, իսկ 2018թ. հունվարի 22-ից տարբեր մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ մեկական օրով հրաժարվելով իրենց մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

2018 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիաներ՝ այդ օրերին հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,-նշել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ փաստաբաններին իրենց զորակցությունն են հայտնել նաև Ազգային ժողովի  «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները, որը դրսևորվել է նաև նշված խմբակցությունների պատգամավորների քննադատող ելույթներով և քվեարկությամբ:

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:
Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ այս տարվա  մայիսի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին, խնդրելով օժանդակել փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում:

Առ այսօր ՀՀ փաստաբանների պալատը չի ստացել այս հարցի առնչությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Փաստաբանների պալատը և նախաձեռնող խումբը շարունակելու են այս հարցի վերաբերյալ իրենց հետևողական քաղաքականությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատավարական նորմերի առնչությամբ քննադատական դիրքորոշում ներկայացրած խմբակցություններում ընդգրկված կուսակցություններն («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ Քայլ» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) են այսօր ներկայացնում ՀՀ Ազգային ժողովը, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ այս հարցով, ինչպես նորընտիր կառավարությունը, այնպես էլ նորընտիր Ազգային ժողովը պահպանելու են իրենց ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ դիրքորոշումը,
նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակային առումով հնարավոր է, որ այդ հարցերը հստակեցվեն 2019 թվականին,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից կոչ եմ անում բոլոր դատավորներին՝ ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելուց, մինչև նշված հարցով ՀՀ Ազգային ժողովի վերջնական դիրքորոշումը ստանալը»,-ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ։