Վարչապետի աշխատակազմը չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Արսեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու ընթացակարգին:

«Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ 
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը նա կրկին ուղարկել է նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս