Եթե ընտրությունները բողոքարկող չլինի՝ ԱԺ առաջին նիստը հունվարին կլինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվում, թե նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստը գումարվելու է դեկտեմբերի 24-ին, սակայն սա չի համապատասխանում իրականությանը։

Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքը որևէ ուժ չբողոքարկի, 7-րդ գումարման Խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին։ Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի կարգավորումների՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի, սակայն Խորհրդարանը կազմավորված է համարվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորներին մանդատներ հանձնալուց հետո։

Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն ամփոփելու է ընտրությունների արդյունքները, որից հետո մինչև դեկտեմբերի 21-ն ուժերը կարող են դիմել հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքի բողոքարկման համար: Դրան հաջորդում է ինքնաբացարկների համար նախատեսված ժամկետը։ Միայն այս գործընթացից հետո է ԿԸՀ-ն հանձնելու մանդատները եւ հայտարարելու ԱԺ անդրանիկ նիստի օրը:

Այս պահի դրությամբ ուժերից որևէ մեկը չի հայտարարել ընտրությունների արդյունքը բողոքարկելու մտադրության մասին, սակայն, եթե նման բան լինի, ապա Սահմանադրական դատարանի վճռի ժամկետներից ելնելով՝ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին կամ 21-ին։