ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել ․ ներքին անվտանգության վարչության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ՃՈ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների և իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՃՈ տեսուչներ «Հ»-ն և «Վ»-ն հանդիսանալով պաշտոնատար անձիք, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նախնական համաձայնության գալով ստացել են կաշառք, որն արտահայտվել է կաշառքի դիմաց ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելով, վարորդական վկայական չունեցող վարորդի փոխարեն ուղևորի անվամբ կեղծ և ավելի մեղմ արձանագրություն կազմելով, պաշտոնեական կեղծիք կատարելով:Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ և տեսուչներից «Հ»-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքը, իսկ տեսուչ «Վ»-ին 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիներ «Դ»-ին՝ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ կաշառք տալը, իսկ «Ա»-ին 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքին օժանդակելը:

--00--ԱՀ