Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն՝ Սումգայիթի զոհերի ոգեկոչման առիթով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

գարեգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։

Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։ Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։

Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. Ամեն»,-նշվում է կաթողիկոսի ուղերձում։

--00—ԼՄ