Արմեն Սարգսյանի որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ պայքարը հաջողությամբ պսակելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

արշավիր

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որը, ըստ նրա, բեկումնային իրավիճակ ստեղծեց «հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար»։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման «շնորհիվ» հայ ազգը ապրում է պատմական ժամանակաշրջան, և Արցախի դե ֆակտո կորուստը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ պայքարը բոլորիս կանգնեցրել են անդունդի եզրին։ Եզրագծից այն կողմ Հայաստան պետության վերացումն է հինավուրց պետությունների շարքից։

Հայ ժողովրդի գերակշիռ մասը, Հայոց բանակը դարձել են թշնամու դեմ կռիվ տվող միակ հավաքական ուժը։ Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է սկսվել, բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Հայ ժողովուրդը, Հայոց ազգային բանակը՝ որպես «Ազգ-բանակ» կոնցեպտի մասնիկ, իրենց կռիվն են տալիս պետականության կորուստը փրկելու համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է վերջնական ու հաղթական փուլ։

Աստված զորավիգ հայ ժողովրդին ու Հայոց բանակին»:

--00—ԼՄ