Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

վահագն

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումը առարկություններով հետ վերադարձնելուն և հայտնել, որ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

«Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։

Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս:

Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է:

Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ:

Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Հովակիմյանը։

--00—ԼՄ