Հերքում. թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հայտ չի ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել: Այդ մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:

Տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար ու առանձին կառավարական կառույցներ կողմից ստացել է համաձայնություն։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը լուսաբանելու համար տվյալ լրատվականից հավատարմագրման հայտ  առայսօր չի ստացվել։

Թուրքական որևէ այլ լրատվականից ևս նմանօրինակ որևէ հայտ չի ստացվել։

Հիշեցնենք, որ @wargonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները հայտնել էին, որ թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար և պատրաստվում են ներկա գտնվել Փաշինյանի հանրահավաքին: Խոսքը վերաբերում է թուրքական TRT ռեսուրսին, որն աշխատում է նաև հարևան Վրաստանի տարածքում։ 

--00—ԼՄ