«Առողջապահական իրավունքի» ուսանողների հետ քննարկվել են ԱՆ աշխատանքի ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

ԱՆ

Հայաստանում առողջապահության ոլորտում մասնագիտացված իրավաբանների կարիք կա. նախարարը հանդիպել է «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի ուսանողներին:

Շաբաթ օրը Հայ-ռուսական համալսարանի «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի դասախոսներն ու ուսանողները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Անահիտ Ավանեսյանը ուսանողներին ներկայացրել է նախարարության աշխատանքի ուղղությունները, սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսել է ընթացող օրենսդրական փոփոխությունների գործընթացի մասին, պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Նախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում կարևորել է «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի դերակատարությունը առողջապահության ոլորտում մասնագիտացված իրավաբանների որակավորման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործացկության շրջանակը՝ նախանշելով համատեղ աշխատանքի ուղղությունները։

Հիշեցնենք, որ «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին Հայ-ռուսական համալսարանում Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Այն առաջինը և դեռևս միակն է տարածաշրջանում իր բնույթով

--00—ՄՀ