Դատարանը հաստատել է, որ դատախազությունը և ՀՔԾ-ն խախտել են քրեական դատավարության պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

հասարակական

Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը, այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր  ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին:  

Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:
Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝

«Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:»:

Դատարանն ըստ էության հաստատել է, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: 

Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է:

--0--ԿԿ