Հայաստանի Մտավորականների Ֆորումը ողջունում է ԳՇ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

հասարակական

Հայաստանի Մտավորականների Ֆորումը հայտարարություն է տարածել, որում ողջունում է ՀՀ Զինված ուժերի ԳՇ հայտարարությունը։ 

«Հայաստանի վերջին հարյուրամյա պատմության մեջ այսօրվա իրավիճակը իր բովանդակությամբ, ծավալներով և հետևանքներով կրկնում է 1918-1921թթ․ազգային բոլոր անկումները և տխուր սովորույթը՝ Հայրենիքից տարածքներ զիջել թշնամուն։ 1921թ․ մարտի 16 -ին Մոսկվայում բոլշևիկյան Ռուսաստան-Թուրքիա պայմանագրով թշնամուն հանձնվեց  30 հազար քառ․կմ տարածք, իսկ   Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումով Լեռնային Ղարաբաղը մտցվեց Սովետական Ադրբեջանի կազմի մեջ: Այսօր նույն սկզբունքներով թշնամուն է հանձնվել 10 հազար քառ. կմ տարածք, սպառնալիքի տակ դնելով Հայաստան պետության ապագան: 
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանին (ՀՄՖԱ) ահազանգել էր, որ իշխանության և ընդդիմության միջև օր օրի խորանալու են  հակասությունները, ինչը Հայաստանի Հանրապետության համար վերածվելու է լրջագույն սպառնալիքի: Լեգիտիմ ճանապարհով ձևավորված իշխանությունների ծայրահեղ անհաջողությունների, սխալների և բազմաթիվ կորուստների հետևանքով, 2020թ. նոյեմբերի 9- ից հետո  այս իշխանությունը վերածվել է լեգիտիմությունը կորցրած ապակառուցողական իշխանության:

Ելնելով վերոնշյալից, ՀՄՖ Ավագանին 2021թ․հունվարի 21-ին հանդիպեց  ՀՀ  Վարչապետի հետ՝ որպես ճգնաժամը առաջացրած կողմի, առաջարկելով ընդունել  ՀՄՖԱ-ի ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, գալ ընդհանուր համաձայնության, ինչի արդյունքում հնարավոր կլիներ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների միջոցով դուրս գալ ճգնաժամից և վերականգնել երկրի կյանքի բնականոն ընթացքը: Խոսելով այս մասին ՀՀ վարչապետի հետ, ՀՄՖԱ-ն հաշվի էր առել, որ երկիրը ենթարկվել է ծանր վայրիվերումների, բնօրրանի զգալի հատվածների կորստի, հետևաբար՝ ստեղծված իրավիճակի հաղթահարումը հնարավոր է միայն ազգային  համերաշխության և միասնականության պայմաններում: Ցավոք սրտի ՀՄՖԱ-ի և ՀՀ վարչապետի հանդիպումը  ցանկալի արդյունքը չտվեց, իսկ հանրության մեջ ներքին երկփեղկումը շարունակվեց՝ ձեռք բերելով ավելի վտանգավոր և ծայրահեղ ձևեր: Իշխանության և ընդդիմության միջև ստեղծված գերլարումը անհնար է դարձնում երկրում դրական զարգացումներին և հանրության բնականոն կյանքը վերականգնելուն ուղված բոլոր ջանքերը:

ՀՄՖԱ-ն համարում է, որ հանրությանը մոլորության մեջ պահելու իշխանության տևական գործընթացը ծանրագույն կորուստներ է բերել երկրին ու ժողովրդին: 2020թ. նոյեմբերի 9-ի տխրախռչակ եռակողմ հայտարարության հիմքի վրա անհադուրժելի զիջումների շարունակական պրակտիկային կարելի է վերջ տալ միայն Հանրապետության վարչապետի անհապաղ հրաժարականով, ազգային շահերին հետամուտ ժամանակավոր իշխանություն ձևավորելով: 

ՀՄՖԱ-ն ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը և վստահ է, որ  Հայոց Բանակը  ժողովրդի հետ է, ինչպես ժողովուրդն է բանակի հետ: Բանակի և ժողովրդի միասնականության ևս մի փայլուն ապացույց:

ՀՄՖ Ավագանու անդամներ
Արման Նավասարդյան, արտակարգ և լիազոր դեսպան,
Լենսեր Աղալովյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Ալեքսանդր Մանասյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
Վարդան Խաչատրյան, փիլիսոփա, կրոնագետ,
Գառնիկ Մարգարյան, պաշտոնաթող գնդապետ,
Արամ Մկրտչյան, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ,
Ազատ Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող»

--0--ԿԿ