«Ժառանգությունը» շնորհավորում է ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Ժառանգություն» կուսակցությունն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:

Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել քվեարկության օրը որոշ տեղամասերից ստացված ահազանգերին շուտափույթ արձագանքելու, տեղ գտած ընտրախախտումները բացահայտելու և իրավական ամենախիստ գնահատական տալու ակնկալիքների իրականացմանը՝ այն հաշվով, որպեսզի հետագայում իսպառ բացառվի նման երևույթների կրկնությունը:

Քաղաքական տեսանկյունից ևս Նոր Հայաստանն իրողություն է, քանի որ հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին, ինչը լեգիտիմ գործադիր ատյանի՝ Կառավարության ձևավորման առաջնակարգ պահանջներից էր: Որպես արդի Հանրապետության ակունքներում կանգնած ուժ՝ մենք վերստին փաստում ենք, որ տերն ենք դեռևս 2013թ. ապրիլի 9-ին Նոր Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն տված մեր ուխտին՝ հավատարիմ մնալու հայոց փխրուն պետականության ամրապնդման հրամայականին և բոլոր ուժերն ու միջոցները ի սպաս դնելու նորանկախ Հայրենիքի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման, ազգին կենսականորեն հուզող խնդիրների լուծման առաքելությանը: