Օնիկի միակ սխալը այն էր, որ կապիտուլիացիան ստորագրելուց հետո Փաշինյանին չի ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Արտակ

ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որպեսզի հայտարարես. «Օնի՛կ, դու սխալ ես և պետք է հեռանաս»։

Գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016 թ. ապրիլյան պատերազմում, 2020 թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ կյանքը Զինուժին է նվիրել, անբասիր ծառայել, անուն ու հարգանք ձեռք բերել։

Օնիկի միակ սխալը թերևս այն էր, որ քո նման դավաճանին, միանձնյա կապիտուլիացիան ստորագրելուց անմիջապես հետո չի ձերբակալել։

Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր։ Օնիկի միակ սխալն այն էր, որ նոյեմբերի 10-ին, ի պատասխան քեզ՝ չի գրել, որ Հայոց Ազգային Բանակն ու դավաճան կառավարությունը չեն կարող կապված լինել «մարտական կուռ եղբայրությամբ»։

Օնիկ Գասպարյանի մարդկային առաքինությունը և գեներալական հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ ընդդիմությանը համոզում էր հետպատերազմական շրջանում որոշ ժամանակ աջակցեն կառավարությանը։ Նա հույս ուներ, որ դու վերջապես կգիտակցես իրավիճակի լրջությունը, և կփորձես դուրս բերել Հայաստանն ու Արցախը ծանր բարոյահոգեբանական վիճակից։

Բայց դու կրկին մնացիր նույն դավաճան ու մորթապաշտ ավանտյուրիստը։ Դու ոչ միայն պատերազմը ձախողեցիր, այլ նաև պատերազմից հետո հանձնեցիր Արցախի ու Հայաստանի մնացյալ տարածքները։ Հետո փորձեցիր քո պարտությունը գցես Օնիկի ու իր նման հայրենասեր բարձրաստիճան զինվորականների «գրպանը»՝ մեղադրելով նրանց այն հարցերում, որտեղ իրենք քեզ պետք է մեղադրեին։

Դու ջնջել ես Օնիկի ու իր պես տասնյակ հազարավոր հայրենասերների անցած փառավոր մարտական ուղին։ Դու խաչ ես քաշել նրանց ողջ կյանքի իմաստի ու արժանապատվության վրա։

Եվ այդքանից հետո, առանց ամաչելու, Հանրապետության հրապարակ ես բերել հասարակության անգրագետ ու կիսագրագետ մի քանի հազարանոց զանգված, ու նրանց ֆոնին փորձում ես հոխորտա՞լ բանակի հրամանատարների վրա։

Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է։ Էրդողանն ու ալիևը, քո երեկվա «ելույթը» լսելուց հետո, այսօր առավոտյան նամազով, Մուհամմադ մարգարեից քո հարամ մեղքերի համար էլ են երևի թողություն խնդրել։

Թուրքը՝ թուրք, բայց հայի դավաճանությունը՝ նույնիսկ նրանք չեն հանդուրժել։ Հիշի՛ր եթե նույնիսկ հայերը քեզ դավաճանության համար ներեն, թուրքերը ոչ մի տիպի դավաճանություն չեն ներում։ Նրանք մի փլիսոփայություն ունեն, որը հարգանքի արժանի է. «Սեփական տունը դավաճանողը՝ հարևանի տանը՝ մեկ օր շուտ կդավաճանի»։

Եվ իմացի՛ր, երջանիկ են այն ղեկավարները, որոնց ժողովուրդն ուղարկում է տուն։ Քեզ քարշ են տալու դատարան, այնպես, ինչպես դու ես քարշ տվել նրանց հանրահավաքի՝ ստիպողաբար»,- գրել է Զաքարյանը։

--00—ԼՄ