Հավանական է՝ հաջորդ շաբաթ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը հասնի Հայաստան․ ո՞վ կպատվաստվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Շատ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը հասնի Հայաստան։ Այդ մասին «Sputnik Արմենիային» հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ 

«Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15 000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,–ասել է փոխտնօրենը և տեղեյացրել, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ նախ 30, հետո՝ 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։ 

Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և խրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։

Բժշկական հաստատություններում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կարող են ասել, որ Հայաստանում մոտ 600 000 անձ խոցելի խմբերում են։ Եվ եթե կարողանան հասնել այն բանին, որ նրանց 50 տոկոսը պատվաստվի, դա, ըստ Սահակյանի, լուրջ ձեռքբերում կլինի։

Գայանե Սահակյանը վստահեցնում է՝ իրենք այժմ զուգահեռ բանակցություններ են վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով, դեռ պարզ չէ։

Հարցին, թե ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, սակայն խոցելի խմբերից որևէ մեկում ընդգրկված չեն, Սահակյանը պատասխանել է, որ առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում միայն խոցելի խմբերում ընդգրկվածներին է պատվաստելու։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ