ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։ Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Երեկ էլ նա չպատասխանեց մեր զանգերին, ԱԺ-ից էլ ասացին, որ դա իրենց իրավասության հարցը չէ, և ԿԸՀ ղեկավարն է հայտարարելու այդ օրվա մասին։

Նիկոլ Փաշինյանի թիմում կարծում են, որ խորհրդարանը կարելի է կազմավորված համարել, երբ ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնի իրենց մանդատները։ Ըստ այդ հաշվարկի՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կգումարվի  հունվարի 7-ին, կհետաձգվի, եթե որևէ ուժ այն վիճարկի ՍԴ-ում, որին դիմելու վերջնաժամկետը, ի դեպ, դեկտեմբերի 21-ն է։

Մինչդեռ դեկտեմբերի 24-ին առաջին նիստը հրավիրելու տեսակետի կողմնակիցները խորհրդարանը կազմավորված են համարում այն պահից, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները և այդ մասին որոշում ընդունում, որը կիրականացվի դեկտեմբերի 16-ին։

«Պատգամավորներին մանդատները հանձնվում են արձանագրություններով, ոչ թե որոշմամբ, և եթե նույնիսկ ՍԴ-ում որևէ ուժ փորձի վիճարկել ընտրությունների արդյունքները, ապա պետք է վիճարկի ոչ թե արձանագրությունը, այլ որոշումը։ Հետևաբար, որպես ԱԺ կազմավորման հիմք պետք է ընդունել ԿԸՀ համապատասխան որոշումը»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը՝ հիմնավորելով, որ ճիշտը դեկտեմբերի 24-ն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: