ԳՇ-ն ՊՆ-ի մեջ մտցնելը վտանգավոր է․ Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պաշտպանության նախարարության կազմի մեջ մտցնելը վտանգավոր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը։

Հակոբյանի խոսքով՝ սա կառավարման ձևի փոփոխություն է։
«Նախկինում կառավարման համակարգը եղել է այդպիսին։ Ինչո՞ւ է հիմա փոփոխվում, չեմ կարող ասել։ Ես կողմ չեմ, որ ԳՇ-ն միացվի ՊՆ-ին»,- ասել է նա՝ շարունակելով․
«Պաշտպանության նախարարը, եթե դառնում է Զինված ուժերի ղեկավար, պետք է զինվորական միտք ունենա։ Իսկ եթե դա լինելու է քաղաքական պաշտոն, յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում փոփոխվելու է։ Չի կարող անընդհատ զինվորական միտքը փոփոխվել՝ քաղաքական նկրտումներից ելնելով։ Սա բավականին վտանգավոր է»,- եզրափակել է նա։

Դիտարկմանը, թե հնարավոր է քաղաքական նպատակներից ելնելով է փոփոխություն նախատեսվում, նա ասել է, որ այդ գործընթացն ավելի վաղ է սկսվել։ 

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են ԶՈՒ ԳՇ-ն մտցնել Պաշտպանության նախարարության կազմի մեջ։

--0--ԿԿ