Շուրջ 30000 խոցելի ընտանիք կորոնավիրուսի պայմաններում ստացել է սննդի և հիգիենայի պարագաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հիմնադրամի հետ տարիների համագործակցությունը, շեշտվել նաև կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմական շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։

«Քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ուղիղ աջակցության տրամադրումից առավել, մենք կարևորում ենք նրանց՝ կրթության, աշխատանքի, հմտությունների ձեռքբերմանն ուղղված համատեղ աշխատանքները․ դա կունենա ոչ թե կարճատև ազդեցություն, այլ  կնպաստի քաղաքացու կյանքի որակի երկարաժամկետ բարելավմանը»,- նշել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով դրանց կարևորությունը երեխաների համար։

Զրուցակիցներն ամփոփել են մինչ այժմ նախարարության հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները, նախանշվել են հետագա համագործակցության տարբերակները:

«Նախարարության հետ սննդապահովության հիմնական ծրագրի շրջանակում  շուրջ 30000 խոցելի ընտանիք կորոնավիրուսի պայմաններում ստացել է սննդի և հիգիենայի պարագաներ։ Աջակցության ծրագրերը բազմաթիվ են․ դրանք իրականացվել են և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո»,- նշել է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը՝ ընդգծելով, որ հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև 2020 թ. պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներն ու Արցախից տեղահանված ընտանիքները։
 
  --00—ՄՀ