Կարծում եմ՝ նախագահը ԳՇ պետին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ:

Հ. Գ. պարզաբանեմ վերջին պարբերությունը՝ Նախագահը մինչև վաղը ժամկետ ունի միջնորդության սահմանադրականության հարցով առանձին դիմում ներկայացնելու և կարծում եմ՝ պետք է անպայման օգտվի իր այդ լիազորությունից»:

--00--ԱԹ