ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

․

Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ:

Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։

Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

--00--ԱՀ