ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել․ նախագահը, նաև վարչապետն իրավասու չեն նրան հեռացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը LinkedIn-ի իր օգտահաշվում ներկայացրել է կարճ վերլուծություն վարչապետի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին:

Ըստ նրա՝ ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՀ նախագահն իրավասու չէ նրան հեռացնել պաշտոնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա իրավունքի ուժով ուժի մեջ մտնել, քանի որ նախագահը չունի իրավասություն՝ հեռացնելու ԳՇ պետին։ 

Արամ Օրբելյանի վերլուծությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արդեն քանի օր է՝ հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակությունը շունչները պահած սպասում է՝ կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞՝ ոչ, հաշվարկում են ժամկետները երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են՝ ինչ կլինի, եթե նախագահը չստորագրի ակտը և կարող է ընդհանրապես չստորագրել ակտը և այլն: Այս քննարկման մեջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը: Իսկ արդյոք ընդհանրապես Հանրապետության նախագահը իրավունք ունի՞ հեռացնել Գլխավոր շտաբի պետին, որ նոր քննարկման առարկա դառնա, արդյոք գործընթացն ընդհանրապես ճի՞շտ է կատարվել/կատարվում:

1. Ինչո՞վ են սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները

Մինչև բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Նման կարգավորում (որ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ) է գործում նաև ԱԺ-ի դեպքում (88-րդ հոդվածի 4-րդ մաս), ի տարբերություն օրինակ կառավարության, ում լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (146-րդ հոդվածի 4-րդ մաս):

Այսինքն Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (և հետևաբար նաև օրենքով նրան չի կարող տրվել որևէ հավելյալ՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասություն):

2. Ի՞նչ իրավասություն է տալիս Սահմանադրությունը Հանրապետության նախագահին զինված ուժերի բնագավառում:

Հանրապետության Նախագահին է նվիրված Սահմանադրության 5-րդ գլուխը: Նախագահի գործառույթները և իրավասությունը սահմանված է ինչպես այդ գլխվո (մասնավորապես 128-138 հոդվածներ), այնպես էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերվող գլուխներում պարունակվող առանձին հոդվածներով:

Զինված ուժերի բնագավառում Նախագահի լիազորություններին է վերաբերվում Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածները:

Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Իսկ 155-րդ հոդվածը վերաբերվում է հենց զինված ուժերին, և հենց այդ հոդվածով է սահմանված Հանրապետության նախագահի լիազորությունը «քննարկման առարկայի» մասով, ներառյալ գլխավոր շտաբի պետի առնչությամբ: Համաձայն նշված հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

...

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Այսինքն Հանրապետության նախագահն իրավասու է նշանակել գլխավոր շտաբի պետին՝ օրենքով սահմանված ժամկետով (հինգ տարի է սահմանված օրենքով): Օրենքով պետք է սահմանվի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև օրենքով կարող են սահմանվել ԶՈՒ ենթակայության, ղեկավարման և նաև այլ մանրամասներ (բայց ոչ մի դեպքում օրենքով Հանրապետության նախագահին չի կարող տրվել ավել լիազորություն, և նման մանրամասները չեն կարող վերաբերվել ժամկետից շուտ լիազորությունների դադարեցմանը):

Հատկանշական է, որ եթե դիտարկենք տարբեր մարմինների ձևավորման կարգավորումները, ապա որոշ դեպքերում հստակ նշված է բացառապես նշանակման իրավասությունը (առանց հեռացնելու լիազորության), իսկ որոշ դեպքերում նշանակման և լիազորությունների դադարեցման մասին:

Օրինակ, Հանրապետության նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատարանի դատավորներին և դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկություններով - հոդված 166):

Իսկ օրինակ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին Հանրապետության նախագահը նշանակում և հետ է կանչում (հոդված 132), կամ օրինակ Կառավարությունը նշանակում և ազատում է մարզպետներին (հոդված 160)

Նշվածից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ հինգ տարի ժամկետով:

3. Արդյոք պաշտոնի նշանակելու իրավասությունը չի ենթադրո՞ւմ նաև լիազորությունները դադարեցնելու իրավասություն (implied competence)

Այնպիսի մեկնաբանություն, որ նշանակելու իրավասությունը ենթադրում է նախ ազատելու լիազորություն նախևառաջ չի բխում հենց Սահմանադրության տարբեր հոդվածներում նշված երկու իրավասությունների (նշանակման և ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ հետ կանչելու իրավասություն առկա է, դա հստակ նշված է): Բացի դրանից նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ Հանրապետության նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատավորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հենց ինքն է նշանակում), ինչը ակնհայտորեն չի բխում Սահմանադրության որևէ մեկնաբանությունից:

Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել ՀՀ Գլխավոր շտաբի պետին, բայց նշված իրավասաությունը չի ներառում Գլխավոր շտաբի պետին հեռացնելու իրավասություն:

4. Ի՞նչ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի վարչապետի միջնորդությունը:

Արդեն իսկ նշեցի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին: Հաջորդ հարցը, որը ինտենսիվ քննարկվում է հանրության կողմից հետևայլն է. արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը չստորագրելու, բայց նաև Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետը ազատվում է աշխատանքից:

Հանրապետության նախագահի կողմից իր իրավասությունները իրականացնելու (չնայած ինչպես նշվեց վերը նշված իրավասություն Հանրապետության նախագահը չունի) կարգը (ընդունվող ակտերը) սահմանված է Սահմանադրության 139-րդ հոդվածով:

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Այսպիսով, սահմանադրությունը նախատեսել է կարգավորում, որի համաձայն միջնորդություն ներկայացնող մարմինը դիմում է Հանրապետության նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկություններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դեպքում Հանրապետության նախագահը իրավասու է (իրավունք ունի և պարտավոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան: Ընդ որում Սահմանադրությունը ելնում է կանխավարկածից, որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե գտնում է որ ակտը հակասում է Սահմանադրությանը, հակառակ դեպքում ստորագրել այն:

Ամեն դեպքում, որպեսզի Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտականությունը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դեպքի համար Սահմանադրությունը նախատեսել է ստորագրված լինելու կանխավարկած, կիրառելով իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու տեսությունը: Այսինքն Հանրապետությունը չի կարող անգործությամբ խաթարել գործընթացները, եթե նա համապատասխան ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա իրավական հետևանքի տեսակետից համարվում է որ նա ստորագրել է ակտը:

* սույն վերլուծության առարկայից դուրս է, բայց Հանրապետության նախագահը, եթե գտնի որ առկա չէ սահմանադրականության խնդիր, սակայն չցանկանա քաղաքականապես ասոցացվել ակտի հետ, կարող է այն չստորագրել, ցույց տալով իր քաղաքական մոտեցումը: Սակայն նշվածը չի գործում, երբ Հանրապետության նախագահը գտնում որ առկա է սահմանադրականության հարց, լինելով սահմանադրության երաշխավոր պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան:

Պարզեցինք, որ իրավունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսված են առանձին հոդվածներով: Դրանց մեջ է նաև 155-րդ հոդվածի 2-րդ կետը, որին անդրադարձել ենք վերև: Այսինքն, եթե դիմելու իրավասություն ունեցող մարմինը միջնորդի Հանրապետության նախագահին արձակել համապատասխան հոդվածներով նախատեսված ակտերից որևէ մեկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր և անգործության մատնվի, ապա հրամանագիրը իրավունքի ուժով կհամարվի արձակված: Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով իրավունքի ուժով ակտը ընդունված լինելու վերաբերյալ որևէ այլ կարգավորում առկա չի:

Սակայն 139-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հղումներից և որևէ մեկում խոսք չի գնում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, ապա պետք է որ նշվածը լիներ թվարկված համապատասխան հոդվածների շարքում: Օրինակ, եթե վարչապետը դիմեր Հանրապետության նախագահին նշանակելու Գլխավոր շտաբի պետ, բայց վերջինս որևէ գործողություն չաներ, ապա ակտը կհամարվեր ընդունված: Նույն պնդումը չի վերաբերվում թվարկածից դուրս որևէ այլ հարցով համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում: Օրինակ, եթե վարչապետը դիմի Հանրապետության նախագահին միջնորդությամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որևե դատավորի լիազորություն (Հանրապետության նախագահի դատավորներ նշանակելու լիազորությունը բերված է 166 հոդվածում, որի վրա նույնպես հղում է անում 139-րդ հոդվածը) և Հանրապետության նախագահը չարձագանքի (քանի որ դա որևէ կերպ արձագանքման ենթակա հարց չի, և ակնհայտ ապօրինի միջնորդություն է) դա որևէ կերպ չի կարող բերել իրավունքի ուժով տվյալ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման:

Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, կարևոր է որ նշված գործառույթը (նշանակել, հեռացնել, շնորհել և այլն) հստակ առկա լինի այն հոդվածների ցուցակում, որի դեպքում ընդհանրապես գործում է իրավունքի ուժով ուժ ստանալու կարգավորումը:

5. Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները ընդհանրապես չեն կարող դադարեցվել

Այստեղ կարևոր է տարանջատել լիազորությունները դադարելու և լիազորությունները դադարեցնելու միջև (երկու դեպքում էլ պաշտոնից ազատվում է անձը):

Սահմանադրությունը բացառել է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը, ինչը չի նշանակում որ նրա լիազորությունները չեն կարող ընդհանրապես դադարել (մանրամասն ստորև):

Ընդ որում կարելի է պնդել, որ Սահմանադրությունում այդ մասով սխալմունք կամ թերություն չկա, և վերջինս հատուկ է բացառել քաղաքական իշխանությունների իրավասությունը դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Դա սահմանադրական զսպումների և հակակշռումների մեխանիզմներից մեկն է, և պրակտիկայում իրագործում է Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված Զինված ուժերի քաղաքական չեզոքության երաշխիքը: Նշվածը բացառում է, որ որևէ դեպքում Գլխավոր շտաբի պետը հեռացվելու վտանգով կաշկանդված լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանությունները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից միշտ կարող են հեռացնել Գլխավոր շտաբի պետին և նշանակեն իրենց համար քաղաքական առումով ավելի ցանկալի անձի: Գլխավոր շտաբի պետը չի համարվում քաղաքական պաշտոն (Սահմանադրությունը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակահարմարությունից նրան հեռացնելու հնարավորությունը պաշտոնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանությունների կամ նրանց նախասիրությունների փոփոխությունից, Գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել որպես արհեստավարժ զինվորական:

Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, դա չի նշանակում որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները չեն կարող դադարել: Լիազորությունների դադարումը (ի տարբերություն դադարեցման) տեղի են ունենում որպես իրավական հետևանք արտաքին հանգամանքների և տեղի չեն ունենում իրավական ակտի արդյունքում (օրինակ Հանրապետության նախագահի հրամանագրի), այլ նշված ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտոնի նշանակվելու դեպքում; դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում; մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում; գերության մեջ գտնվելու դեպքում և այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ): Սույն վերլուծության նպատակը չի քննարկել նշված հիմքերի համապատասխանությունը Սահմանադրությանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխավոր շտաբի պետի և Բարձրագույն հրամանատարական կազմի մասով խնդրահարույց են), բայց ամեն դեպքում Գլխավոր շտաբի պետի նկատմամբ պետք է լինի հատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էության պիտանիության պարամետրերից ելնելով պետք է սահմանվեն հանգամանքներ, որոնց առկայության դեպքում վերջինիս լիազորությունները դադարում են և համապատասխան իրավական ակտով ուղակի կարձանագրվի փաստը և ոչ թե ակտի ուժով կդադարեցվի:

6. Արդյոք գլխավոր շտաբի նախկին երկու պետերի լիազորությունները չեն դադարեցվե՞լ նույն ընթացակարգով

Հատկանշական է, որ Գլխավոր շտաբի երկու նախկին պետերի լիազորությունները դադարել են (չեն դադարեցվել անկախ ձևեկերպումից) հենց նշված օրենքի համապատասխան կետի հիման վրա:

Այսպես Մովսես Հակոբյանը ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հանրապետության նախագահի 2018թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք է նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (այլ պաշտոնի անցնելը), իսկ Արտակ Դավթյանինը՝ 2020թ. հունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (զինվորական ծառայությունից արձակվելը):

Այսինքն, երկու դեպքում էլ խոսք չի գնում լիազորությունները դադարեցնելու մասին, այլ արձանագրվել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազորությունների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էության եղել են անձի կամքով և որոնք բացառել են անձի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը: Նշվածը էականորեն տարբերվում է գործող Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու փորձի դեպքից:

7. Ի՞նչ է առկա արդյունքում

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ Վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հետևաբար նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևը գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչէ նշանակում է որ որևը հետևանք չի առաջացնում:

Հետևաբար կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տաս օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևան, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից:

* այս մասին հաջորդիվ առանձին կներկայացնեմ վերլուծություն, եթե առաջանա անհրաժեշտություն:

--00—ԼՄ