Երևանում ավտոմեքենա կայանելու շուրջ վեճն ավարտվել է ծեծկռտուքով և դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

դանակ

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 22։40-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը և պարզել, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 27-ամյա Գարիկ Մ․-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ․ 43-ամյա Գևորգ Ա․-ն է։ Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ․-ի ու Գևորգ Ա․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ․-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա․-ի գլխին։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ․-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

--00—ԼՄ