Աղբի վերամշակման խնդիրները․ կառավարությունն ուզում է կյանքի կոչել 2 տարի սառեցված ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագիր է պատրաստվել, ըստ որի՝ նախատեսվում է Նուբարաշենում կառուցել նոր աղբավայր և փակել Աջափնյակի և Նուբարաշենի գործող աղբավայրերը:

Ծրագրի արժեքը 26 մլն եվրո է, որից կտրամադրվի 16 մլն վարկ, 10 մլն դրամաշնորհ:Նոր աղբավայրը կառուցվելու է 2 տարվա ընթացքում:

Սուրեն Պապիկյանն ասել է, որ գործող աղբավայրը պետք է փակել, ու դրա վրա այգի հիմնել: Այդ աղբավայրի վերամշակման համար որևէ հետաքրքրություն չկա, քանի որ աղբավայրերն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն և ենթակա չեն վերամշակման:

«Խորհրդային տարիների աղբի մեջ չկան այնպիսի մասեր, որոնք հետաքրքրեն վերամշակողներին», - ասել է Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ վերամշակման կենթարկվի միայն նոր աղբավայրի աղբը: