Ինքնաբացարկի միջնորդություն դատավորին չենք ներկայացնելու. Արմեն Գևորգյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը ընդմիջվել է 2 ժամով, կվերսկսվի ժամը 15։00-ին, պաշտպանական կողմը պահանջել է նյութեր դրանց ծանոթանալու համար։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ այդ նյութերը շատ կարևոր են հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից: 

Հիշեցնենք, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, փոփոխվել և առաջադրվել է նոր մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու, այսինքն, փողերի լվացման համար։

Ումի՞ց է ստացել կաշառքը և արդյոք Մարտի 1-ի գործի շրջանակում է այն ստացել. պաշտպանը պատասխանեց, որ նման տեղեկություն տրամադրելու իրավունք չունի՝ նախաքննության գաղտնիության սկզբունիքից ելնելով։ Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է, իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրքնը չի ընդունում։

Պաշտպանը հրաժարվեց նաև նշել կաշառքի չափի վերաբերյալ տեղեկությունը։ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ պաշտանական կողմը դեռ չի անցել առարկություններ ներկայացնելու փուլին։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իր նկատմամբ կիրառված կալանքը քաղաքական հետապնդում է համարում, այդ առումով ինչպիսի՞ն է Արմեն Գևորգյանի դիրքորոշումը, պաշտպանը նշեց, որ Գևորգյանը դեռ հայտարարություն չի արել։

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը դատավորից արդար որոշում է սպասում. ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն դատավորին չեն ներկայացնելու։