Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2020թ. ապրիլի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդն Էջմիածնի բնակիչ, 33-ամյա ընկերոջ հետ վերջինիս կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից «Զվարթնոց» օդանավակայան գնալու ճանապարհին, հասնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի  որոշման համաձայն Թաիրով  գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանության հսկիչ անցակետին, չեն ենթարկվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների՝ կանգ առնելու օրինական հրահանգին և բարձր արագությամբ անցել են անցակետով:

Ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորը և ՃՈ երեք տեսուչներ, ստուգման ենթարկելու նպատակով, հետապնդել և Փարաքար գյուղում գործող արագ սննդի սպասարկման կետի դիմաց կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Սակայն, շարունակելով ոստիկաններին չենթարկվելու գործողությունները, վարորդը և ուղևորը հայհոյել են օպերլիազորին, նրանցից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցի ձեռքին, իսկ մյուսը՝ բռունցքով նրա ձախ աչքի հատվածին, այնուհետև՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, երկուսով հարվածներ են հասցրել դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ վերին կոպի շրջանի արյունազեղման և վերքի ձևերով վնասվածքներ, ֆիզիկական ցավ՝ այդկերպ խոչընդոտելով իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի գործունեությունը և փորձելով  դադարեցնել անձը հաստատող և ավտոմեքենայի  փաստաթղթերի, սահմանված կարգով անցաթղթի ստուգումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

--0--ԿԿ