Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն․ Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Քերոբյան

Մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նարինե Մելիքյանը։

Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել «պետություն և գործարար համայնք» համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։

Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել Հայաստանի գործարար համայնքին հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընկալման հարցում։ Այդ նպատակով համատեղ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանը միտված միջոցառումներ (դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն)։

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից գործարար համայնքի ներկայացուցիչները կստանան անվճար  խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, իսկ Բիզնեսի բարեվարքության ակումբի միջոցով կխթանվի հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնությունների զարգացումը Հայաստանում։

Կիրականացվեն նաև այլ գործողություններ և միջոցառումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ստորագրելով այս հուշագիրը,  մեկտեղում են ջանքերը, որպեսզի միասին ապահովեն բարեվարքության կանոնների լայն տարածումը  և հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը Հայաստանի գործարար միջավայրում։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ բիզնեսները վստահեն միմյանց, և վստահեն նաև պետությանը։ Այս առումով Կորպորատիվ կառավարման կենտրոնը շատ մեծ առաքելություն  է ստանձնել, և մենք պատրաստ ենք աջակցել իրեն», - հուշագրի ստորագրումից հետո նշել է Վահան Քերոբյանը։

«Մեր կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում կորպորատիվ կառավարման լավ մշակույթը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Մինչ այս փաստաթղթի ստորագրումը, մենք համագործակցել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, սակայն նման փաստաթղթավորում դեռ չէր եղել։ Մի շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել կենտրոնը, դա  բիզնեսի բարեվարքության ակումբի ձևավարումն է, որում ունենք 23 անդամ՝ բիզնեսի ներկայացուցիչներ, անձինք, ովքեր կորպորատիվ կառավարման հանձնառություն ունեն։   Մենք համատեղ ուժերով, ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է օժանդակենք այդ խնդիրների լուծմանն ու դաշտն ավելի թափանցիկ, պատասխանատու և ազնիվ դարձնենք», - ասել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։

«Կորպորատիվ Կառավարման Կենտրոն»-ը միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) ֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագիրը։

ՀՀ կառավարությանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշումը։  

--00—ՄՀ