ՀՀ-ում քրեածին իրավիճակն անհանգստացնող չէ․ ոստիկանության պարզաբանումը՝ ԱՄՆ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: ՀՀ ոստիկանությունն այս  հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության», - ասված է ոստիկանության պարզաբանման տեքստում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը օրերս հայտարարություն էր տարածել, որում ասված է. «Տոնական օրերին ընդառաջ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն դրսևորելու մասին, քանի որ Հայաստանում կարող է աճել հանցագործությունների հավանականությունը, ինչպես օրինակ՝ գողության, գրպանահատության, բնակարանային կողոպուտի: Տոնական օրերին վտանգ կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների գործողությունների առումով, որոնք առաջնորդվում են Եվրոպայում տարածված ծայրահեղական գաղափարախոսությամբ»: