Պաշտոնանկության մասին խոսակցություն մեր և մեր նախագահի միջև չի եղել, չի լինի․ Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանի  պաշտոնանկության մասին լուրերին։ Ըստ տարածված տեղեկատվության՝ վերջիններս արձագանքել են «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։ Շրջանառվող այս թեմաների վերաբերյալ Վիտալի Բալասանյանն ասել է.

«Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, և՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք։ Նման խոսակցություն մեր և մեր հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել, համոզված եմ, որ չի էլ լինելու, եւ մենք մեր աշխատանքային պարտականությունները շարունակում ենք կատարել՝ ի շահ մեր պետականության, ի բարօրություն մեր ամբողջ ժողովրդի:

Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հայտնի զարգացումներից հետո մենք բազմիցս տեսանք, որ տարբեր մարդիկ տարբեր թեմաներ են դնում շրջանառության մեջ։ Չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ինչո՞ւ են հեղեղել մամուլը նման տեղեկություններով»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունների հետ որեւէ խնդիր ունեցե՞լ է այս ընթացքում, վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Ո՛չ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխությունը, մայիսի 9-ին արդեն իսկ ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ, մենք միասին մասնակցել ենք այդ տոնակատարություններին։ Դրանից հետո քանիցս վարչապետի գլխավորությամբ եղել են պատվիրակություններ, մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական բոլոր հարցերը բարիդրացիական շրջանակներում քննարկել ենք, և՛ արցախյան, և՛ հայաստանյան կողմի համապատասխան կառույցներն ի պաշտոնե այդ աշխատանքները կատարել են։ Որևէ այլ բան մեր միջև ընդհանրապես տեղի չի ունեցել»: