Պատերազմից հինգ ամիս անց գտնվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանի աճյունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Գագիկ Խաչատուրյան

Երևանի պետական կոնսերվատորիան տեղեկացնում է, որ Արցախյան պատերազմում զոհվել է երգիչ Գագիկ Խաչատուրյանը:

«Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի։

2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։

5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին»,- հայտնում են կոնսերվատորիայից։

--00--ԱԹ