Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս իրավիճակի հանգուցալուծմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԳԺ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատգելու վերաբերյալ հրամանագրի հարցով նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասահմանադրական է, խուսափեց այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հերթական անգամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում դրսևորելով հանցավոր անգործություն։

Այսպես՝ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ փորձել է չկատարելով իր սահմանադրական կոնկրետ պարտականությունը, վերացական վերահսկողության շրջանակներում, դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքների դրույթների սահմանադրականության հարցեր, ինչի արդյունքում էլ՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի մարտի 31-ին կայացրել է ՍԴՈ-1518 որոշումը, որով ամփոփ անդրադարձել է նաև Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակին, նրա լիազորությունների բնույթին՝ պարտադիր և հայեցողական, ինչպես նաև դրանք չկատարելու համար նախատեսված սահմանադրական պատասխանատվությանը։

Արմեն Սարգսյանն այդ որոշմանը, եւ, հատկապես, դրանում թվարկված

Հանրապետության նախագահի հայեցողական լիազորություններին հղումներ է կատարում՝ ըստ նպատակահարմարության և սուբյեկտիվ մեկնաբանություններով։

Սակայն, հղում չի կատարում այդ նույն՝ ՍԴՈ-1518 որոշման այն հատվածին, որտեղ հստակ արձանագրվել է, որ Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական պարտականության ՉԿԱՏԱՐԵԼԸ կարող է հանգեցնել իր հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մարմինների բնականոն գործունեության համար, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են զրկվել իրենց գործունակությունից:

Մասնավորապես՝ ՍԴՈ-1518 որոշմամբ Սահմանադրական դատարանը հատ-հատ թվարկել է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունները, ենթադրաբար, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը շատ է դժգոհում իր լիազորությունների ծավալից։

Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ, որպես պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահանմանը հետևելու սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով՝ սահմանադիրը Հանրապետության նախագահին վերապահել է համարժեք լիազորություններ։

Այլ կերպ՝ Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների իրականացումը կամ դրանք իրականացումից ձեռնպահ մնալը (գործողություն չկատարելը) իրավաչափ են Սահմանադրության առումով, բացառապես, եթե դրանով չի խեղաթյուրվում Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իմաստը կամ չի վտանգվում այդ գործառույթների իրականացումը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ առաջարկության մասով չդիմելով Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ի և մարտի 2-ի իր իսկ հայտարարությունների (տեղադրված են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում) տառացի հիմնավորումներից ելնելով, ըստ էության, խոստովանում է, որ չի կատարել պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական գործառույթները՝ ռազմական դրության իրավական վիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում դրսևորել է անգործություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունեցող խնդրի Սահմանադրության շրջանակներում կարգավորման գործում, որը բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման համար, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար։

Եվ, ըստ այդմ, ստեղծել է սահմանադրական կարգին, զինված ուժերի բնականոն գործունեությանը սպառնացող վտանգ։

Չի գործել որպես անաչառ և վերկուսակցական արբիտր, քանի որ չի վիճարկվել անգամ իր առարկությունները չընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այնպիսի հիմնավորումները, որոնցով ապօրինի և անթույլատրելի է համարվել Արմեն Սարգսյանի իրավունքը մեջբերելու և կիրառելու Սահմանադրության 155-րդ հոդվածը և որպես եզրահանգում նշվել է, որ Հանրապետության նախագահի լիազորությունը զինված ուժերի և այլ զորքերի հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցում պետք է սահմանափակվի զուտ օրենքով սահմանված դեպքերի և կարգի պահպանման նկատմամբ հսկողությամբ՝ դուրս չգալով դրա շրջանակից։

Այսինքն, վարչապետի կողմից, ըստ էության, ցուցում է տրվել չկիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Այս առումով ևս Արմեն Սարգսյանը պետք է հիշեր Սահմանադրական դատարանի նույն ՍԴՈ-1518 որոշման այն դիրքորոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի լիազորությունները սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ՝ նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար՝ օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում այդ լիազորությունների իրականացումը կանոնակարգելը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ պետք է եզրահանգել, որ Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը։

Իսկ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը տեղյակ է, գիտակցում է և բարձրաձայնում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգների մասին և, այնուամենայնիվ, մնում է ձեռնպահ, դրսևորում է անգործություն՝ Սահմանադրության ուղղակի և կոպիտ խախտում են, որոնք Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք են»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս