Թուրքիայում քրդական ծագումով լրագրողը հարձակման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

թուրք լրագրող

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Լևենթ Գյուլթեքինը Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող գլխամասի դիմաց մի խումբ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին Գյուլթեքինը գրառում է արել Twitter-ում: 

«25 հոգանոց ավազակային խումբը հարձակվել է ինձ վրա հեռուստաընկերության դիմաց: Հիմա լավ եմ, քիչ հետո այդ մասին կպատմեմ եթերում»: 

Ավելի ուշ եթերում Գյուլթեքինը հրապարակել է անվտանգության տեսախցիկների կողմից արձանագրված հարձակման պահի տեսագրությունը։ Ավազակախումբը հարձակումից անմիջապես հետո դիմել է փախուստի:  Լրագրողը միջադեպի կապակցությամբ ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել:

Նշվում է, որ լրագրողի վրա հարձակման պատճառն այն է, որ վերջինս իր հաղորդումներից մեկում քննադատել էր Թուրքիայի քաղաքական այն առաջնորդներին, որոնք մասնակցել էին նախկին վարչապետ, «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Գյուլթեքինի քննադատությունը բացասական արձագանք էր գտել սոցցանցի թուրք օգտատերերի շրջանում:

--00--ԱԹ