Արցախում մեկ օրում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

զենք զինամթերք

Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳ նախարարության ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Միայն երեկ, մարտի 8-ին արձանագրվել է 5 դեպք:

Մայրաքաղաքի 28-ամա բնակիչ Հ.Հ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, 3 պահեստատուփ, «F-1» տիպի 3 հատ նռնակ՝ պայթուցիչներով: Ըստ Հ.Հ.-ի, զինամթերքը հայտնաբերել է պատերազմի օրերին՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքից:

Զինամթերքի կամովին հանձնման հաջորդ դեպքը մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ Ա.Ա.-ի կողմից է եղել: Վերջինս ոստիկանության քաղաքային վարչություն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ՌՊԳ-26» տիպի նռնականետ, տարբեր տիպի 11 հատ նռնակ՝ 12 պայթուցիչով, «ՌՊԳ» և ականանետի մեկական արկեր: Ա.Ա.-ն զինամթերքը գտել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքից:

Ոստիկանության կողմից տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մայրաքաղաքի 37-ամյա բնակիչ Ա.Ա.-ն ոստիկանության քաղաքային վարչությանն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ և ինքնաձիգի 6 պահեստատուփ, որն ըստ նրա հայտնաբերել էր ռազմական գործողությունների օրերին՝ Հադրութի շրջանի Թութակ կոչվող տեղամասից:

Դեպքերի վերաբերյալ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Մարտի 8-ին ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ՔՀ բաժնի ծառայողները զեկուցել են, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի 34-ամյա բնակիչ Ն.Ա.-ն կամովին Գետավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ -103» տիպի ինքնաձիգ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Արդյունավետ է եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների աշխատանքը: Երեկ, մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ Վ.Հ-ն, ՔՎ վարչությանը կամովին հանձնել է «Մուխա» տիպի 1 նռնականետ, «Մոն» տիպի 1 ական և ինքնաձիգի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 120 փամփուշտով: Ըստ Վ.Հ.-ի, ռազմամթերքը գտել է 2020 թվականի նոյեմբերին Շուշի քաղաքի տարածքից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Ուստի, նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:

--00--ԱԹ