Կորեան Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կորոնավիրուս

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։

Կորեայի Հանրապետության կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում։

--00--ԱԹ