Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-21:00-ը․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից՝ հասնելով արդեն իսկ 62,5 հազարի:

Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների:

Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:

Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:

ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն: