Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները նոր ծանուցումներ չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Վալլեքս գրուպը» հերքում է տեղեկությունները, թե «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ՓԲ ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ:

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որի հիման վրա հայտնում ենք հետևյալը։

2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաեւ՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը հայտնի պատճառներով կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումները Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների, աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։

2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին որեւէ նոր ծանուցում աշխատողներին չի տվել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք օբյեկտիվ հանգամանքների առկայությունը, հավատարիմ մնալով ազնիվ գործընկերության սկզբունքներին եւ խորապես մտահոգ լինելով Ընկերության աշխատողների սոցիալական խնդիրներով՝ «Վալլեքս» խումբը տեղեկացնում է՝

նկատի ունենալով, որ ներկայում Ընկերության ղեկավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռեւս 3 տարի առաջ սկսած խորը եւ հանգամանալից ուսումնասիրությունները.

կարեւորելով Հայաստանի տնտեսական կայունությունը եւ հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաեւ նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին եւ Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա Ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:

Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ Ալավերդցու, Լոռեցու եւ Հայաստանի Հանրապետության»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։