«Ես կատարում եմ իմ գործառույթը»․ Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և առանձնազրույցի ընթացքում քննարկել ՄԻՊ իրավասությանն առնչվող որոշակի հարցեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Արման Թաթոյանը։ 

«Առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություններ և հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից», - ասել է օմբուդսմենը:

Արման Թաթոյանը չի նշել՝ ինչ հարցերի մասին է խոսքը՝ տեղեկացնելով, որ պարտավոր է առանձնազրույցի բովանդակության գաղտնիությունն ապահովել: Օմբուդսմենը նաև նշել է, որ մշտական կապի մեջ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հետ:

«Ես կատարում եմ իմ գործառույթը՝ անկախ նրանից, թե անձը ինչպիսի արարքի համար է մեղադրվում», - ասել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ: